ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
Նախորդ տարի Հայաստանի կյանքը լի էր կարևոր և առանցքային իրադարձություններով` ապրիլյան քառօրյա պատերազմ, ՊՊԾ գնդի տարածքի գրավում, կառավարության փոփոխություն, Հռոմի պապի այց, եղանակային անոմալ պայմաններ և այլն։ Սակայն այս թեմաներից ոչ բոլորն են հայտնվել «Նովոստի–Արմենիա» գործակալության ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակում։
Եվ այսպես, ինչն է հետաքրքրել և ինչ են կարդացել մեր ընթերցողները 2016 թ.–ին։
1. Երևանում անհետ կորած և գտնված աղջկա մայրը ներկայացրել է նրա արարքի պատճառը
2016 թ.–ի ամենաընթերցված նյութը Երևանում անհետ կորած և գտնված 23–ամյա Ինեսա Սրապիոնյանի մասին է։ Աղջիկը անհետ կորած էր համարվում շուրջ 3 օր։ Ինեսայի գտնվելուց հետո նրա մայրը հայտարարություն էր տարածել` նշելով, որ իր աղջիկը տնից հեռացել է կենցաղային խնդիրների պատճառով։ Մայրը նաև խոսել էր որոշ ԶԼՄ–ների անմարդկային վերաբերմունքի մասին, որոնք փորձում էին օգտագործել իրենց ընտանեկան դրաման սեփական վարկանիշը բարձրացնելու համար։
2. Նոր, ավելի հզոր փոթորիկ է մոտենում Հայաստանին
2016 թ.–ը հիշվեց նաև անոմալ եղանակային պայմաններով։ Գարնանը հանրապետության ողջ տարածքում և Երևանում գրանցվեցին բավականին ուժեղ քամիներ, ինչի հետևանքով ավերվեցին բազմաթիվ տների տանիքներ, տապալվեցին ծառեր։
3. Խոշոր ավտովթար Դավթաշենում. ճանաչված դերասանը տեղափոխվել է հիվանդանոց
Թոփ տասնյակի 3–րդ հորիզոնականում է մարտի 17–ին Դավթաշենում գրանցված ավտովթարը, ինչի հետևանքով տուժել էր ճանաչված դերասան Սարգիս Հակոբյանը։ Նշենք, որ Դավթաշեն 7-րդ և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել էին 43-ամա Սարգիս Հակոբյանի վարած «Վազ 2109» մակնիշի և 34-ամյա Արտակ Գալստյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել էր, իսկ «09»-ի վարորդ Սարգիս Հակոբյանը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:
4. Ադրբեջանցի զինվորները շրջել են արցախցի զինվորի գլուխը ձեռքերին` ի ցույց քրդերի
2016 թ.–ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկեց բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցավ 90–ից ավել զոհ։
Պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանցի զինծառայողները գլխատել էին ԼՂՀ ԶՈւ զինծառայող, 20-ամյա եզդի Քյարամ Սլոյանին և գլուխը ձեռքերին շրջել իրենց գյուղերով` ի ցույց քրդերի։ Քյարամ Սլոյանը զոհվել էր ԼՂՀ-ի հետ շփման գծում հրետակոծությունների ժամանակ: Օրեր շարունակ մամուլում և սոցցանցերում հայտնվում էին սահմռկեցուցիչ կադրեր, որոնցում ադրբեջանցի զինծառայողները ցուցադրում էին գլխատված Սլոյանի գլուխը:
5. ՀՀ ՊՆ–ն սկսել է հրապարակել Ղարաբաղում զոհված հայ զինծառայողների անունները
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի շարքում կրկին ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող նյութն է։ Պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցավ 90–ից ավել զոհ։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում հրապարակում էր զոհված զինծառայողների տվյալները։
6. Ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել Երևանում և Արարատյան դաշտավայրում
2016 թ.–ի դեկտեմբերը կհիշվի բավականին ուժեղ սառնամանիքներով։ Հանրապետության ողջ տարածքում գրանցվում էին նորանոր ջերմաստիճանային ռեկորդներ։ Որոշ մարզերում սնդիկի սյունը ցույց էր տալիս –33 աստիճան։ Երևանում դեկտեմբերին գրանցվեց -20...-22 աստիճան։ Օդերևութաբանների խոսքերով, հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմից ցածր էր 10-15 աստիճանով։
7. Ֆոտոռեպորտաժ ճակատի գծից. գնդակոծված Մարտակերտ
Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային վերաբերող ևս մեկ նյութ է ներառվել «Նովոստի–Արմենիա» գործակալության թոփ տասնյակում։ Մեր գործակալությունը ներկայացրեց ֆոտոռեպորտաժ գնդակոծված Մարտակերտից։
8. Աստղաբանի կանխատեսում. Կենդանակերպի որ նշաններն առավել հաջողակ կլինեն Աքաղաղի տարում
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը ներկայացրեց կանխատեսում այն մասին, թե Կենդանակերպի որ նշանների համար առավել հաջող կլինի 2017 թվականը, ինչպես նաև ինչպիսին կլինի հաջորդ տարին Հայաստանի համար։
2017 թվականին սպասվող փոփոխություններն ու բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին, լինի դա քաղաքականություն, թե ֆինանսներ, կարծում է Գուրգեն Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա, նրա խոսքով, աստղաբանությունում դրանք ասոցացվում են Մերկուրի, Յուպիտեր և Վեներա մոլորակների շարժման հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 19–ից մինչև 2017 թվականի հունվարի 8–ը Մերկուրին կատարում է իր հատուկ ռետրոգրադ շարժումը։
Նա նշեց, որ այդ ժամանակահատվածը վտանգավոր է դեֆոլտներով, գների աճով, արժութային փոխարժեքների տատանումներով։ 2017 թվականի հունվարի 8–ից այդ երևույթները մի փոքր կմեղմվեն։
9. Հայտնի է, թե ինչու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի երևում ՊՊԾ գնդի գրավված շենքի տարածքում
2016 թ.-ի ամենադրամատիկ իրադարձություններից մեկը դարձավ Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի շենքի գրավումը: Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք գործեցին ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին իշխանության հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ով կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հուլիսի 17-31-ը, մինչ խումբը գրավել էր շենքը, ՊՊԾ գնդի գրավված շենքի տարածքում անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն զինված խմբավորման, որոնք պարբերաբար վերածվում էին իրավապահների հետ բախումների, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ ստացան: Զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվեցին քրեական գործեր, մի խումբ անձանց մեղանդրանք առաջադրվեց:
Հուլիսի 31-ին զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Այդ ընթացքում զոհվեց 3 ոստիկան, խմբավորման անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կային վիրավորներ: Քրեական գործը, որի շրջանակում կալանավորվեցին տասնյակ մարդիկ, հարուցվեց ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հատկանիշներով:
Այդ ողջ գործողությունների ընթացքում բավականին զուսպ պահվածք էր դրսևորում ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
10. ԼՂՀ ՊՆ-ն ադրբեջանցի սպանված զինծառայողների տեսանյութ է հրապարակել
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը եզրափակում է ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող նյութը։ Լեռնային Ղարաբաղի ՊՆ–ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանցի սպանված զինծառայողները։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկեց բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր էին տանում առաջնագծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում