415.63
4.18
390.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
15:20 | 22 Հուլիսի 2019
Ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել օձի խայթոցի դեպքում
Խիստ զգոնություն

Հայաստանում ձևավորված աննախադեպ ջերմաստիճանային ֆոնի հետևանքով նկատվում է օձերի ակտիվացում, որոնք վտանգավոր են ոչ միայն բնության գրկում հանգստանալիս կամ դաշտային աշխատանքների ժամանակ, այլև բնակավայրերում։ Այդ պատճառով կարևոր է իմանալ առաջին օգնություն ցուցաբերելու կանոններն օձի խայթոցի դեպքում։

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի փորձագետ Շողիկ Ավետիսյանը խորհուրդ է տալիս լինել հատկապես զգոն ինչպես բնության գրկում, այնպես էլ փակ տարածքներում, իսկ օձի խայթոցի դեպքում անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն մինչև բժիշկների ժամանումը։

Змея


Վտանգավոր օձերի տեսակները

Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային իժը, դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։ Ակտիվ գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքները ստիպում են օձերին տեղաշարժվել, լքել նախկին բնակավայրերը և թաքնվել մարդկանց ավելի մոտ «թաքստոցներում»՝ տների նկուղներում, տնամերձ այգիներում, ինչու չէ նաև զբոսայգիներում, ինչպես նաև եղանակի տաքացմամբ՝ օձերը շոգ եղանակին դուրս են գալիս թաքստոցից և «փորձում են» գտնել ավելի զով, ստվերոտ տեղ, դրանով ավելի հավանական դարձնում մարդկանց հետ «շփումը»:

Гюрза змея

Ինչ է անում օձը մարդուն հանդիպելիս

Օձերը մարդկանց վրա չեն հարձակվում, ընդհակառակը, մարդկանց պատահելիս աշխատում են արագորեն հեռանալ, իսկ խայթում են միայն այն դեպքում, երբ մարդն անզգուշորեն ոտքը դնում է օձի վրա կամ փորձում է բռնել: 

Հարձակվելուց առաջ օձերը սպառնագին դիրք են ընդունում, փաթաթվում օղակ-օղակ, գլուխը ներս քաշում: Եթե մարդը հանգիստ կանգնի, օձը ոչ մի վնաս չի տա, բայց եթե կտրուկ որևէ շարժում կատարի, օձը գլուխը մեծ արագությամբ դուրս կհանի և կայծակնորեն կխայթի: Խայթելուց հետո մեծ մասամբ օձը շտապում է հեռանալ, սակայն կարող է կրկին հարձակվել և խայթել:

змея тренер.jpg


Թույնի ազդեցությունն ու թունավորման առաջին ախտանիշները

Խայթոցից հետո օձի թույնը ներարկվում է մարդու մարմին, աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։

Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է հետևյալ գործոններից՝ օձի տեսակից, չափից, տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, խայթոցի տեղակայումից։

змея ужалила укус.jpg
Ինչպես խուսափել խայթոցից

Օձի խայթոցից խուսափելու համար հարկավոր է զբոսնելիս խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ։ Խորհուրդ է տրվում նաև հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ։ 

Օձի պատահելիս պետք է չտրորել , չանհանգստացնել նրան, ետ դառնալ նույն ճանապարհով և լինել ուշադիր։ Օձերը լսում են հողի ցնցումները, տատանումները: Եթե քայլում եք այնպիսի վայրերով, որտեղ կարող են օձեր լինել, ապա վերցրեք ծանր փայտ և հարվածեք հողին:

человек в ботинках лес.jpg

Ինչ անել օձի խայթոցի դեպքում

Եթե օձը հասցրել է խայթել, ապա պետք է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը. ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ արագ կարող է այտուց զարգանալ և տարածվել: Եթե օձը խայթել է վերջույթը, ապա պետք է անշարժացնել այն։ Տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։

Առաջին օգնությունից հետո հարկավոր է ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որ հակաթույնի առաջին դեղաչափը հիվանդը ստանա գոնե 6 ժամվա ընթացքում։

змея ужалила укус.jpg

Ինչ է արգելվում անել օձի խայթոցի դեպքում

Օձի խայթոցի դեպքում արգելվում է խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան կամ ժգուտ դնել: Խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել։ Տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ ուժեղ ազդող դեղամիջոցներ, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:

Медицина, больница, лаборатория, донор, СПИД ВИЧ

«Թունավոր» վիճակագրություն
Տարեսկզբից Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 67 դեպք, որից Երևան քաղաքում՝ 10, մարզերում՝ 57: 2018 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 49 դեպք, որից Երևան քաղաքում՝ 10, մարզերում՝ 29: Օձի խայթոցից թունավորումների թիվը բարձր է հատկապես Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում:

Змея