481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
11:45 | 24 Հուլիսի 2017
Ինչու՞ են Հայաստանին հարկավոր նոր փողեր
1
Ի՞նչ են իրենցից ներկայացնում կոմպոզիտային թղթադրամները

Կոմպոզիտային թղթադրամները մասամբ բաղկացած են թղթից և պոլիմերից (պլաստիկ)։ Կան երկրներ, որոնք թողարկում են միայն պոլիմերային փողեր, կան նաև երկրներ, որոնք նախընտրում են տպել կոմպոզիտային թղթադրամներ։ Համաշխարհային միտումներն ուսումնասիրելիս կարելի է հասկանալ, որ երկրները սկսել են թղթադրամներից անցում կատարել կոմպոզիտային թղթադրամների։

Սակայն մինչև վերջերս թուղթն այն հիմնական նյութն էր, որից պատրաստվում էին թղթադրամները։ Սակայն տեխնոլոգիական գործընթացը հասավ նաև փողերին։ Դրանց պատրաստման համար ամենահայտնի նյութերից այսօր պոլիմերներն են, և շատ երկրներ ամբողջությամբ կամ մասամբ անցել են պլաստիկ փողերի։ Պլաստիկից պատրաստված առաջին փողերը թողարկվել են 1980–ականներին Կոստա Ռիկայում, Հայիթիում և Մեն կղզում, սակայն տեխնոլոգիաների ոչ կատարյալ լինելու պատճառով (գույնը թափվում էր թղթադրամների վրայից բարձր ջերմաստիճանի պայմաններում, նյութը շատ փխրուն էր) դրանցից շատ արագ հրաժարվեցին։ Արտադրության տեխնոլոգիաները սկսեցին փոխվել, և պոլիմերային փողերը դարձան բավականին կայուն արտաքին գործոնների ազդեցության նկատմամբ։ Ավստրալիան առաջին երկիրն է, որը հաջողությամբ ներդրել և ամբողջությամբ անցել է պոլիմերային թղթադրամների։

БЛОКНОТ Что такое композитные банкноты
2
Ինչու՞ ԿԲ–ն նախընտրեց ներդնել կոմպոզիտային թղթադրամներ

Հայկական դրամի 25–ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԲ–ն որոշեց 2018 թ.–ից շրջանառության մեջ դնել նոր փողեր` երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ։ Գործող թղթադրամներն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից` իրենց տեղը զիջելով թղթադրամների նոր սերնդին։ Եվ դրա պատճառները շատ են։

Առաջին հերթին, դա ժամանակի պահանջն է։ Աշխարհում գրանցվող տեխնոլոգիական զարգացումները զգալիորեն ազդել են նաև տպարանների վրա, ավելացել են թղթադրամների պաշտպանության և անվտանգության պահանջները։ Կոմպոզիտային թղթադրամների ներդրման հիմնական պատճառը դրանց առավելագույն պաշտպանվածությունն է դրամանենգներից։ Կոմպոզիտային թղթադրամներն արտաքինից շատ նման են սովորական թղթադրամների, սակայն դրանք ավելի ուշ են մաշվում, դժվար են պատռվում, կայուն են խոնավության և կեղտի նկատմամբ, այսինքն` ավելի երկար են ծառայում։ Դրանց «կյանքի» տևողությունը միջինը 2–4 անգամ գերազանցում է սովորական թղթադրամների տևողությանը։ Բնականաբար, կոմպոզիտային թղթադրամների արտադրությունը 30–40 տոկոսով ավելի թանկ է, քան սովորական թղթադրամների արտադրությունը։ Սակայն նման թղթադրամների թանկ լինելն արդարացված է դրանց անվտանգության բարձր մակարդակով, թղթադրամների «կյանքի» ժամկետով և վերը նշված այլ առավելություններով։ Այսպիսով, տնտեսական տեսակետից նման թղթադրամների թողարկումն ավելի շահութաբեր է։

БЛОКНОТ Почему Центробанк Армении предпочел композитные деньги бумажным?
3
Իսկ ի՞նչ պետք է անի բնակչությունը և բիզնեսը

ԿԲ–ն զգուշացրեց, որ նոր թղթադրամների ներդրումը որևէ խնդիր չի առաջացնի ո′չ բնակչության, ո′չ բիզնեսի շրջանում։ Նոր փողերի ներդրման գործընթացը կընթանա սահուն, այն չի նախատեսում թղթադրամների առգրավում։ Ընդամենը շրջանառության մեջ է դրվում թղթադրամների նոր շարք։ ԿԲ–ն վստահեցնում է, որ գործող փողերը կմնան շրջանառության մեջ անժամկետ և կդադարեն գոյություն ունենալ միայն մաշվածության հետևանքով։ Այսպիսով, և′ հին թղթադրամները, և′ նորերը միաժամանակ կլինեն շրջանառության մեջ։ Արժույթների անվանական արժեքը չի փոխվում, այդ պատճառով բնակչությունը մտահոգվելու հիմքեր չունի, և մարդիկ ստիպված չեն լինի հին թղթադրամները փոխել նորերով։

БЛОКНОТ А как же население и бизнес?
4
Իսկ ծախսե՞րը

Անցումը նոր թղթադրամներին, իհարկե, կպահանջի որոշակի կապիտալի ներդրում բանկոմատների, վճարային տերմինալների և թղթադրամների ընդունման այլ կետերի արդիականացման մեջ։ ԿԲ–ում այս առիթով նշում են, որ թղթադրամների ընդունման կետերի արդիականացումը կիրականացվի միայն ծրագրային ապահովման տեսքով, այլ ոչ թե տեխնիկական փոփոխությունների կամ սարքավորումների փոփոխության։ Կարգավորիչը նշում է, որ բանկերի համար դա չի պահանջի կապիտալի մեծ ներդրումներ։ Նման ծրագրային փոփոխություններ բանկերն ամեն դեպքում իրականացրել են, երբ ԿԲ–ը շրջանառության մեջ է դրել նույն շարքի թղթադրամները, սակայն արդեն նոր պաշտպանիչ նշաններով կամ նոր այլ տարրերով։

БЛОКНОТ Будут введены в обращение другие купюры? армянский драм
5
Շրջանառության են դրվելու նո՞ր թղթադրամներ

Նոր սերնդի թղթադրամներ ներդնելուց բացի, կարգավորիչը նախատեսում է 2018 թ.–ին առաջին անգամ շրջանառության մեջ դնել 2 հազար դրամանոցներ։ Միաժամանակ ԿԲ–ն այլևս չի թողարկի 100 հազարանոց թղթադրամներ։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները այդ փողերն ունեն շատ քիչ պահանջարկ բնակչության և բիզնեսի շրջանում անկանխիկ գործարքների աճի պայմաններում։ 100 հազարանոց թղթադրամները դուրս կգան շրջանառությունից ժամանակի ընթացքում միայն մաշվածության հետևանքով։ Բացի այդ, նոր թղթադրամների վրա կհայտնվեն նոր պատկերներ։ Մասնավորապես, նոր 1000 դրամանոց թղթադրամի վրա Եղիշե Չարենցի դիմանկարի փոխարեն կհայտնվի Պարույր Սևակի պատկերը, 5 հազարանոցի վրա Հովհաննես Թումանյանին կփոխարինի Վիլյամ Սարոյանը, 10 հազարանոցի վրա Ավետիք Իսահակյանի փոխարեն կլինի Կոմիտասի դիմանկարը, իսկ 20 հազարանոցի վրա Մարտիրոս Սարյանին կփոխարինի Հովհաննես Այվազովսկին, 50 հազարանոցի վրա կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Իսկ 2018 թ.–ին առաջին անգամ թողարկվող 2 հազարանոցի վրա կպատկերվի Տիգրան Պետրոսյանը։–0–

драмы