483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանություն. Եվրոպայի աչքերը հանկարծ բացվեցին
16:02
07 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիության ամենահեղինակավոր երկրի` Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին համայն հայությանը պատած ցնծությունից բացի, կա նաև դառնության կաթիլ: Հայերը միշտ էլ հասկացել են, որ աշխարհը չի շտապում ճանաչել այս սարսափելի ողբերգությունը, ինչպես և` ցանկացած ուրիշը: 

Բարեկեցիկ և հագեցած եվրոպացիներին ինչի՞ համար է ընդհանրապես պետք այս գլխացավանքը: Ախր, շատ հանգիստ էին նրանք ապրում, գրեթե առանց խնդիրների: Իսկ եթե խնդիրներ կային, ապա մի քիչ այլ կարգի, օրինակ` որ զգեստը կսազեր մեքենայի մոդելին և ամուսնու փողկապին:

Այսօր իրավիճակը մի փոքր այլ է, և բարեկեցիկ Եվրոպան այժմ ունի խնդիրների մի ամբողջ փունջ` ահաբեկչություն, կոռուպցիոն սկանդալներ, փախստականների հոսք:

Հայերը միշտ հասկացել են, որ  թուրքերը կճանաչեն 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը միայն այն ժամանակ, երբ Թուրքիան քաղաքական սխալ թույլ կտա կամ կտրորի մեկի ճանապարհը: Այս իրավիճակին սպասել ենք գրեթե 100 տարի, և, կարծես, ժամանակը եկել է:

Եվրամիությանը զայրացրել է Անկարայի վարքագիծը` փախստականների խնդիրները լուծելու համար ԵՄ-ից որքան հնարավոր է շատ գումար կորզելու նրանց ցանկությունը (3 մլրդ եվրո մինչև 2018 թ.-ը), ապա նորից այդքան, նորից ու նորից:

Սակայն տնտեսող Եվրոպային դա չափազանց շատ թվաց, և նա փորձեց գտնել Թուրքիայի ցավոտ կետը և գտավ: Ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում Թուրքիային: Իհարկե, Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Գերմանիան` այդ ոճրագործության դերակատարներից մեկը, երիտթուրքերի ամենամոտ դաշնակիցը, նույնիսկ ճանաչեց իր մասնակցությունը և ներողություն խնդրեց: Թվում է, թե գերմանացիները սովորություն ունեն այրել վառարաններում, գնդակահարել, կախել, ապա` ներողություն խնդրել:

Ներեցե´ք մեզ, մենք սխալվել ենք`ոչնչացնելով 6 միլիոն հրեաների: Բայց, չէ՞ որ մենք ներողություն ենք խնդրել: Հայերի հետ ևս մի տեսակ անփույթ ստացվեց` օգնել ենք թուրքերին, բայց չէ՞  որ հիմնականում խորհուրդներով և ռազմական մասնագետների նախապատրաստմամբ: Բայց այժմ` հարյուր տարի անց, մեր աչքերը բացվեցին, և մենք ներողություն ենք խնդրում:

Ի~նչ հաճելի է: Եվ մենք պետք է հրճվե՞նք: Իսկ երբ մեծագույն մտածողները, լուսավորիչները, գիտնականները, քաղաքական գործիչները, միսիոներները, դիվանագետները բարձրաձայնում էին Աբդուլ Համիդի և երիտթուրքերի կողմից կազմակերպված` պատմության մեջ նմանը չունեցող դաժանությունների և վայրագությունների մասին, դուք գլուխներդ թաքցրել էիք ավազի մեջ և ոչինչ չէիք ցանկանում նկատել: Իսկ այժմ, հանկարծ սկսեցիք տեսնել. չէ՞ որ պետք է պատժել կամակոր, անհնազանդ Թուրքիային:

Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերածվում է փոխանակման քարտի, և այն, որպես ջոկեր, հանում են թևքի միջից, երբ ինչ-որ մեկին ձեռնտու է դառնում ճնշել սանձարձակ և անհնազանդ գործընկերոջը։

Այո´, մենք ուրախ ենք, որ համայն հայության ջանքերն ապարդյուն չեն եղել, որ սարսափելի չարագործության զոհերի հոգիներն, ի վերջո, հանգստություն կգտնեն: Մենք բավարարված ենք, որ Հայոց ցեղասպնաության ճանաչման գործընթացն, ի վերջո, տեղից շարժվեց, որ լուրջ պետություններ միացան այդ գործընթացին:

Սակայն ավելի ճիշտ կլիներ, որ դահիճները ժամանակին տեսնեին իրենց արդարացի հաշվեհարդարը, որ երկրագնդի մարդիկ հասկանային, որ նման հանցանք գործածները կպատժվեն թե´ իրենց և թե´ մարդկային բոլոր օրենքների համաձայն, որպեսզի այլևս երբեք նման դեպք ոչ մի տեղ և ոչ ոք չկարողանա կրկնել:

Գալինա Դավիթյան,

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն

Loading...
Հեղինակային նյութեր
18:25
27 Հունվարի 2017
Մի՛ թափեք հացը